Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարում են, որ 2024 թվականին «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի կործանման «հետևանքները պատշաճ կերպով կարգավորվել են»
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման «հետևանքները պատշաճ կերպով կարգավորվել են»։
Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, լուծել են նաև ավիավթարի հետ կապված փոխհատուցման վճարման հարցը, թեև չի հստակեցվել, թե ինչպես է հարցը լուծվել։
«Ձեռնարկված քայլերը հաստատում են երկկողմ ձգտումը՝ ապագայում նույնպես զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը դաշնակցային փոխգործակցության շրջանակներում», – հայտարարում են Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունները։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է «Ռուսաստանի օդային տարածքում հակաօդային պաշտպանության համակարգի ոչ դիտավորյալ գործողության հետևանքով»։
«Ադրբեջանական ավիաուղիների» Embraer E190 տիպի ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Գրոզնի, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում։ Ավիավթարին զոհ է գնացել 38 մարդ, 29-ը փրկվել է։
Լայները կործանվել է այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչուների հարձակման ֆոնին ինքնաթիռը Կասպից ծովով վերահասցեագրվել է դեպի Ղազախստան։ Ավիավթարից հետո Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները լարվել էին, այդ թվում այն պատճառով, որ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում էր ընդունել պատասխանատվությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականի հոկտեմբերին խոստովանել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ աղետի պատճառը եղել է ռուսական ՀՕՊ համակարգի «տեխնիկական անսարքությունը», իսկ արձակված երկու հրթիռները «ուղղակիորեն չեն դիպչել ինքնաթիռին», այլ պայթել են դրանից մոտ տասը մետր հեռավորության վրա։