Ռուսաստանի դեսպանատունը Իրլանդիայում. Եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը, Ռուսաստանը պատրաստ կլինի կիրառել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը

13:38, 30.09.2026
Եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը, Ռուսաստանը պատրաստ կլինի կիրառել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, – այս հայտարարությունը հրապարակել է Իրլանդիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Անպատասխանատու և կարճատես եվրոպական քաղաքական էլիտան վտանգավոր խաղ է խաղում։ Ինչպես վերջերս հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, եթե Արևմուտքը հարձակվի մեզ վրա, մենք պատասխան կտանք, և դա կլինի լիովին այլ պատերազմ՝ և շատ կարճատև», – ասված է հայտարարության մեջ։
Դեսպանությունը հայտարարել է, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ավելացնում են ռազմական ակտիվությունը Ռուսաստանի ողջ արևմտյան սահմանի երկայնքով, ալյանսի անդամները անընդհատ անցկացնում են ռազմական վարժանքներ և միանում «նախնական զսպման» նախաձեռնություններին, ինչը ներառում է ֆրանսիական միջուկային զենքի տեղակայումը Ռուսաստանի սահմանների մոտ։ Նրանք հիշատակել են նաև տեղեկությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է Կալինինգրադի մարզի օդային և ծովային շրջափակմանը։
«Նման սցենարում զինված հակամարտության ռիսկը բարձր է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հակամարտության վաղ փուլում կանխարգելիչ հարվածներ կհասցնի ալյանսի երկրների որոշումների կայացման կենտրոններին», – հայտարարել է դիվանագիտական ներկայացուցչությունը։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանը «չունի ծրագրեր, պատճառներ և իրական դրդապատճառներ Եվրոպայի հետ իրավիճակի էսկալացիայի համար» և եվրոպական երկրներին կոչ է արել շատ լուրջ վերաբերվել այս հարցին։

Նմանատիպ