Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության վերսկսման նախադրյալներ չկան
Ռուսաստանը պատրաստ չէ Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսել Վրաստանի պայմաններով,- այս մասին հայտարարել են՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։
Նախարարության փոխանցմամբ, Ռուսաստանի «Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների պետականությունը ճանաչելու որոշումը անշրջելի է»։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության վերսկսման նախադրյալներ չկան, քանի որ Թբիլիսին պահպանում է Սաակաշվիլիի ռեժիմի դիրքորոշումը, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապված է Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչելուց հրաժարվելու հետ։ Այս պահանջը վնասակար և անիրատեսական է հենց Վրաստանի համար։ Մոսկվան ընդգծում է, որ հանրապետությունների պետականությունը ճանաչելու որոշումը անշրջելի է։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման համար այնքանով, որքանով դա ցանկանում է ինքը՝ Թբիլիսին։ Գնդակը հիմա Վրաստանի դաշտում է, որը, մեր կարծիքով, պետք է ավելի շատ հետաքրքրված լինի այս ամենով, քան որևէ մեկը», – ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։