Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Գերմանիայի քաղաքացի Նիկոլայ Գայդուկին, ով մեղադրվում է էներգետիկ օբյեկտներում դիվերսիա ծրագրելու մեջ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Կալինինգրադի մարզում ձերբակալել է Լեհաստանից ժամանած Գերմանիայի քաղաքացի Նիկոլայ Գայդուկին։ Ռուսական հատուկ ծառայությունները նրան մեղադրում են էներգետիկ օբյեկտներում դիվերսիաներ ծրագրելու մեջ։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ձերբակալվածը 1967 թվականին ծնված տղամարդ է, ով ապրում է Համբուրգում։ Պայթուցիկ նյութը նրան է փոխանցել Համբուրգում Ուկրաինայի մի քաղաքացի։ ՖեԷսԲե-ի տվյալներով՝ ձերբակալվածը կապված է մարտի 22-ին Կալինինգրադում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ պայթեցվել էր գազաբաշխիչ կայանի խողովակաշարը։
«ՖեԷսԲե»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկվածին հանում մեքենայից և պառկեցնում ասֆալտին։ Գերատեսչությունը նշում է, որ կասկածյալի մեքենայում կես լիտր հեղուկ պայթուցիկ նյութ է հայտնաբերվել։