Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինա է վերադարձել 193 ռազմագերի։
«Գերիների փոխանակման շրջանակներում 193 ուկրաինացի զինվոր վերադառնում է տուն՝ Զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Պետական սահմանապահ ծառայության, Ազգային ոստիկանության և Պետական հատուկ տրանսպորտային ծառայության զինծառայողներ։ Նրանք պաշտպանում էին Ուկրաինան։ Նրանց թվում կան մարդիկ, որոնց դեմ Ռուսաստանը քրեական գործեր էր հարուցել, իսկ ոմանք էլ վիրավոր են», – հայտարարել է Զելենսկին։
Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ուկրաինական գերությունից վերադարձրել են 193 զինծառայողի։
«Այժմ ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», – ասված է հայտարարության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զինծառայողների վերադարձը գերությունից տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։