Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են S-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի հարցը
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են Անկարային մատակարարված S-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի հարցը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս թեման պատկանում է հատկապես զգայուն հարցերի շարքին։
«Մենք թուրքական կողմի հետ այս թեմայով ունեցել ենք և շարունակում ենք կապերը», – նշել է Պեսկովը։
Ավելի վաղ թուրքական պարբերականը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Անկարան S-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Պարբերականի տեղեկություններով՝ դրա փոխարեն ԱՄՆ-ն Թուրքիային խոստացել է չեղարկել պատժամիջոցները։
Թուրքիան S-400 տեսակի հրթիռային համակարգերը ստացել է 2019 թվականին։ Դրանից հետո ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական համակարգերից։