Ռուսական մեդիայի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Տվերում տեղի են ունեցել անօդաչուների հարձակումներ, ինչը Wildberries-ի պահեստներում հրդեհ է առաջացրել
Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Տվերում տեղի են ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, ինչը Wildberries-ի պահեստներում հրդեհ է առաջացրել: Տեղեկությունը տարածում է ռուսական մեդիան՝ հենվելով տեղական իշխանությունների վրա:
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հայտարարությամբ՝ Լենինգրադի մարզում խոցվել է մոտ 50 անօդաչու թռչող սարք:
Սանկտ Պետերբուրգի և Տվերի վրա անօդաչուների հարձակման մասին տեղեկություն է տարածում նաև BBC-ի ռուսական ծառայությունը: Նրանց փոխանցմամբ՝ հարձակումը Wildberries-ի առնվազն երկու պահեստում խոշոր հրդեհ է առաջացրել:
Պայթյունների ձայներ են լսվել նաև օկուպացված Ղրիմում: Մեդիայի փոխանցմամբ՝ Սիմֆերոպոլ քաղաքում Wildberries-ի պահեստի վրա անօդաչուների հարձակում է տեղի ունեցել:
Տեղեկությունն ավելի ուշ հաստատել է ընկերությունը: Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Wildberries-ի տեսակավորման կենտրոնում, անվտանգության պահանջներին համապատասխան, իրականացվել է տարհանում: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի տարածվել: