Ռուսական մամուլի տեղեկությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը մարդասիրական նպատակով պայմանավորվել են հրադադարի մասին
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները մարդասիրական նպատակով պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կայացել է Մոսկվայում:
Ըստ լրատվամիջոցների, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ընդունել են խորհրդակցությունների վերաբերյալ համատեղ փաստաթուղթը:
Ռուսական մամուլը գրում է, որ պայմանավորվածության համաձայն, հակամարտության գոտում ռազմական գործողությունները մարդասիրական նպատակով պետք է դադարեցվեն հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, որպեսզի տեղի ունենա ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակումը:
Սերգեյ Լավրովի հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը Մոսկվայում տևել է ավելի քան տաս ժամ:
Հանդիպման ավարտից հետո, տարածվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը: Հայտարարության տեքստը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում:
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններից հետո տարածված հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, մարդասիրական նպատակով կրակը դադարեցվելու է հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից, որպեսզի տեղի ունենա ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակումը, կարմիր խաչի միջազգային կոմիտեի չափանիշների նախատեսմամբ: Նույն փաստաթղթով, հրադադարի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն ավելի ուշ:
Բացի այդ, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա սկսում են «սուբստանտիվ բանակցությունները»՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Նշված հայտարարությամբ, կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը: