Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանում դեսպան նշանակել Ռիչարդ Նորլանդին
ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանում իր դեսպան նշանակել Ռիչարդ Նորլանդին, ով նախկինում զբաղեցրել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» հրատարակությունը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Նորլանդը կարող է փոխարինել Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանում դեսպանի պաշտոնում Ռիչարդ Նորլանդի թեկնածությունն արդեն ներկայացրել է Բայդենի վարչակազմը։ 69-ամյա Ռիչարդ Նորլանդը ներկայումս ծառայում է որպես Լիբիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ: Նա այս պաշտոնում նշանակվել է 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։ Նա Վրաստանում դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հուլիսը։ Նա նաև ղեկավարել է դեսպանատները Լիբիայում և Ուզբեկստանում, եղել է ԱՄՆ փոխդեսպանը Աֆղանստանում և Լատվիայում։
Բացի այդ, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, Ռուսաստանի ԱԳՆ-ում Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտը ղեկավարող և Կանադայում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Դարչևը դիտարկվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում։
Փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են վերականգնել կադրերի մակարդակը Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատներում: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանների արագ նշանակումը։