Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև չվերթները կաթվածահար են եղել
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև չվերթները կաթվածահար են եղել։ Այս մասին հայտնել է ռուսական պետական «Իտար-Տասս» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։
Նրանց տվյալներով՝ այսօր կեսօրին նախատեսված 52 չվերթներից 30-ը չեղարկվել է, իսկ 9-ը՝ ուշացել։
Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից 241 չվերթներ հետաձգվել են, 158-ը՝ չեղարկվել։ «Պուլկովո»-ում 36 չվերթներ հետաձգվել են, իսկ 87-ը՝ չեղարկվել։ Բացի այդ, Նիժնի Նովգորոդի օդանավակայանում չեղարկվել է 12 չվերթներ։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ օդանավակայանները աստիճանաբար վերադառնում են բնականոն աշխատանքի։
Ձեր տեղեկության համար՝ Ռուսաստանում երկրի տարբեր օդանավակայանների գործունեության խափանումները նկատվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի օդային տարածքում ոչնչացվել է 298 անօդաչու թռչող սարք և վեց կառավարվող ավիառումբ։