Ռուսական ագրեսիան զսպելու համար Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում է օգնությունը ավելացնել 1 միլիարդ դոլարով
Ռուսական ագրեսիան զսպելու համար Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում է օգնությունը հասցնել 1 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
Նա ասել է, որ 2022 թվականի ԱՄՆ-ի բյուջեի նախագծով Ուկրաինային կտրամադրվի 756 միլիոն դոլարի օգնություն, որից 400 միլիոնը կծախսվի անվտանգության ապահովման համար։ Կուլեբան ասել է, որ Ուկրաինայի նպատակն է ԱՄՆ-ի աջակցությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:
Ըստ Կուլեբայի՝ ուժեղ Ուկրաինան լավագույն գործոնն է Ռուսաստանին զսպելու և նրա ապագա ագրեսիան կանխելու համար։ Արտգործնախարարը նշել է, որ անձամբ ինքը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ինչը կարևոր է Ռուսաստանի կողմից սրվող իրավիճակի լույսի ներքո։
Նախարարի խոսքով՝ դրա պատճառով ուկրաինական դիվանագիտական կորպուսը մեծ ջանքեր է գործադրում ուկրաինական բանակի հզորացման ուղղությամբ՝ ներգրավելով նոր զինատեսակներ, նոր տեխնոլոգիաներ և լրացուցիչ տեխնիկա։ Նաև՝ տարբեր վարժությունների և պարապմունքների անցկացմամբ։ Նախարարի խոսքով, Միացյալ Նահանգները մնում է Ուկրաինայի առաջատար գործընկերը, և երկու երկրների միջև հաստատվում է լայն երկկողմանի գործընկերություն։
Նա ասել է, որ Պետքարտուղարության, Պենտագոնի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ամերիկյան կողմն ավելի քան 460 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի առանցքային բարեփոխումներին աջակցելու համար։