Ռումինիայի ռազմաօդային ուժերը խոցել են անօդաչու թռչող սարք, որը խախտել էր երկրի օդային տարածքը
Ռումինիայի ռազմաօդային ուժերը խոցել են անօդաչու թռչող սարք, որը խախտել էր երկրի օդային տարածքը։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
Դանի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է F-16 տեսակի կործանիչով։
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։
«Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 Fighting Falcon կործանիչներ, որոնք օդային պարեկային առաքելության շրջանակներում մարտական հերթապահություն էին իրականացնում, որսացել են օդային թիրախը և կատարել նույնականացման ու չեզոքացման ստանդարտ ընթացակարգեր։ Անօդաչու սարքն ապահով կերպով խոցվել է սահմանի մոտ գտնվող չբնակեցված տարածքում», – նշված է Ռումինիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։