Ռումինիայի Պատրիարք. «Իլիա II-ն արժանավոր անհատականություն էր, ով իմաստությամբ հովվում էր Վրաց Ուղղափառ Եկեղեցին ինչպես փորձությունների, այնպես էլ վերածննդի ժամանակ
Բուխարեստի արքեպիսկոպոս, Մունտենիայի և Դոբրուջայի մետրոպոլիտ, Կապադովկիայի Կեսարիայի գահի տեղապահ և Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք, Նորին Երանություն Դանիելը ցավակցություն է հայտնում Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին՝ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։
Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է մարտի 17-ով թվագրված ցավակցական նամակը, որում նշվում է, որ Իլիա Երկրորդը ժամանակակից ուղղափառության մեջ արժանավոր անհատականություն էր և հավատքի հաստատակամ դավանորդ։
«Ձերդ Գերաշնորհություն, Ձերդ Սրբազնություն, խորը վշտով ընդունեցինք մեր սիրելի եղբոր՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, երանաշնորհ Իլիա II-ի վախճանի լուրը։ Նա ժամանակակից ուղղափառության մեջ արժանավոր անհատականություն էր և հավատքի հաստատակամ դավանորդ, ով իմաստությամբ հովվում էր Վրաց Ուղղափառ Եկեղեցին ինչպես փորձությունների, այնպես էլ վերածննդի ժամանակ։
Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հիերարխների, հոգևորականության և հավատացյալների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Սուրբ Սինոդի անդամներին և Համայն Վրաստանի Ուղղափառ Եկեղեցուն։
Միևնույն ժամանակ, աղոթում ենք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, Ով է «Հարությունը և Կյանքը» (Հովհ. 11:25), որպեսզի հանգստություն պարգևի Իլիա II Պատրիարքի հոգուն Իր սիրելի սրբերի օթևաններում, «ուր չկա ցավ, տրտմություն, ոչ էլ հառաչանք, այլ կյանք անվախճան»։ Հավերժ լինի նրա հիշատակը սերնդեսերունդ»,- ասված է Ռումինիայի Պատրիարք Դանիելի ցավակցական նամակում։