Ռոյթերս - «Իսլամական պետությունը» երկու անգամ փորձել է սպանել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային
«Իսլամական պետությունը» վերջին ամիսներին երկու անգամ փորձել է սպանել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային, հաղորդում է Ռոյթերսը։
Մասնավորապես, ինչպես հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով Սիրիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, երկրի իշխանությունները կարողացել են ժամանակին հայտնաբերել և կանխել «Իսլամական պետության» կողմից կազմակերպված հանցավոր դավադրությունը՝ ուղղված Սիրիայի նախագահի սպանությանը։
Անանուն աղբյուրը Ռոյթերսին հայտնել է, որ մեկ դեպքում Սիրիայի նախագահը նախատեսվում էր սպանել նախապես պլանավորված հանդիպման ժամանակ։ Աղբյուրը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։
Սիրիայի տեղեկատվության նախարարությունը չի մեկնաբանել կոնկրետ դեպքերը, սակայն Դամասկոսը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում Սիրիայի և տարածաշրջանի համար։ Այն նշել է, որ Սիրիայի կառավարությունը վերջին տասը ամիսների ընթացքում խափանել է խմբի հարձակումները տարբեր վայրերի, այդ թվում՝ կրոնական շենքերի վրա։
«Սիրիան հաստատում է իր պատրաստակամությունը պաշտպանել Սիրիայի ժողովրդին և շարունակել պայքարը ահաբեկչության ցանկացած ձևի դեմ», – ասվում է Սիրիայի տեղեկատվության նախարարության հայտարարության մեջ։
Սիրիայի նախագահի սպանության դավադրության մասին հաղորդագրությունները տարածվել են Ահմեդ Ալ-Շարաայի Վաշինգտոն կատարած այցի ֆոնին։ Երկուշաբթի օրը նա կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ։ Ալ-Շարաան նախատեսում է հայտարարել, որ Սիրիան միանում է «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիային։
Տեղեկատվության համար, Սիրիայում իշխանության գալուց առաջ Ահմեդ Ալ-Շարաան ղեկավարել է «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» խմբավորումը, որը կապված էր «Ալ-Քաիդայի» հետ։