«Ռոյթերս» – Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հաշվողական հարթակ
Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր ամպային հաշվողական հարթակ։
Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերսը»՝ հղում անելով իր աղբյուրին։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ միջադեպը կարող է վտանգել մեծ ծավալի գաղտնի տվյալներ, այդ թվում՝ մարտավարական գործողությունների, անձնակազմի և լոգիստիկայի վերաբերյալ տեղեկատվությունը։
Աղբյուրների տվյալներով՝ կիբերհարձակումը Cloud One համակարգում հայտնաբերվել է վերջին մեկ ամսվա ընթացքում՝ հարթակի թարմացման գործընթացում։ Միջադեպի բացահայտումը խաթարել է համակարգի աշխատանքը։
Անհայտ է, թե ով է կանգնած կիբերհարձակման հետևում, ինչ մասշտաբի է եղել ներթափանցումը կամ արդյոք տեղի է ունեցել տվյալների գողություն։
«Ռոյթերսին» ուղարկված հայտարարության մեջ ԱՄՆ ռազմաօդային ուժերից հայտնել են, որ չեն մեկնաբանում կոնկրետ ցանցերի և համակարգերի անվտանգության վիճակը, խոցելիությունները կամ գործառնական կարգավիճակը։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ իրենք մշտապես ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ ռազմաօդային ուժերի դեպարտամենտի տեղեկատվությունը, համակարգերը և առաքելության կատարման համար անհրաժեշտ կարողությունները պաշտպանելու համար։