«Ռոյթերս». Դոնալդ Թրամփը կարող է Գերմանիայի և Ֆրանսիայի նկատմամբ դիզելի արտահանման արգելք սահմանել, եթե Բեռլինն ու Փարիզը չնվազեցնեն դիզելի պաշարները

15:43, 01.10.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Գերմանիային և Ֆրանսիային կոչ է արել նվազեցնել արտակարգ իրավիճակների համար ստեղծված դիզելի պաշարները, որպեսզի նպաստեն վառելիքի համաշխարհային գների նվազեցմանը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կարող է դիզելի արտահանման արգելք սահմանել։
Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը քննարկում է դիզելի արտահանման հնարավոր արգելքը, որպեսզի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ նվազեցնի վառելիքի գները Միացյալ Նահանգներում։ Այս զգուշացումը վկայում է Եվրոպայի վրա ԱՄՆ-ի ճնշման ուժեղացման մասին։ Պարզվում է, որ ԱՄՆ վարչակազմը հատկապես դժգոհ է Ֆրանսիայից և Գերմանիայից։
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ այդ երկրները լիովին չեն կատարել նավթի և նավթամթերքի արտակարգ պաշարները շուկա հանելու վերաբերյալ պարտավորությունները։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, լրատվամիջոցներն այս մասին տեղեկատվություն ունեին նաև ավելի վաղ։
«Եվրոպայի շահերից է բխում համագործակցել Միացյալ Նահանգների հետ, քանի որ մենք տարբեր ուղիներ ենք փնտրում վերամշակված նավթամթերքի մատակարարումն ավելացնելու և սպառողների ծախսերը նվազեցնելու համար», – «Ռոյթերս»-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը։
Երկրորդ աղբյուրն էլ նշել է, որ ԱՄՆ-ն Եվրամիությանը խնդրել է առաջիկա վեց ամիսների ընթացքում բաց թողնել 120 միլիոն բարել դիզել։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Եվրոպան ավելի ու ավելի կախված է դարձել ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումներից այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով արգելվեց ռուսական ներմուծումը, իսկ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը խափանեց վառելիքի մատակարարումները Մերձավոր Արևելքից։

Նմանատիպ