Ռոյթերս - ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը աշխատանքից ազատել է Պենտագոնի հետախուզական գործակալության ղեկավարին և երկու այլ բարձրաստիճան զինվորականների
Ռոյթերս - ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը աշխատանքից ազատել է Պենտագոնի հետախուզական գործակալության ղեկավարին և երկու այլ բարձրաստիճան զինվորականների

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ է արել Պենտագոնի հետախուզական գործակալության ղեկավարին և ևս երկու բարձրաստիճան զինվորականների։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով երեք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Պաշտպանության հետախուզական գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Կրուզի պաշտոնանկության պատճառը անհայտ է։ Նշվում է, որ Հեգսեթը նրանով չի սահմանափակվել և ազատել է նաև ԱՄՆ-ի նավատորմի ռեզերվի ղեկավարին և նավատորմի հատուկ գործողությունների հրամանատարին։

«Ազգային անվտանգության հերթական բարձրաստիճան պաշտոնյայի ազատումը ցույց է տալիս Թրամփի վարչակազմի վտանգավոր սովորությունը՝ վերաբերվել հետախուզությանը ըստ հավատարմության, այլ ոչ թե՝ որպես մեր երկրի պաշտպանության գործիք», – հայտարարել է սենատոր Մարկ Ուորները, որը Սենատի հետախուզական կոմիտեի նախագահի տեղակալն է։

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ գեներալ-լեյտենանտ Կրուզի ազատման պատճառը անհայտ է, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մամուլում արտահոսք եղավ Պաշտպանության հետախուզական գործակալության նախնական գնահատականից։ Ըստ դրա՝ հունիսին ԱՄՆ-ի ավիահարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա միայն մի քանի ամսով հետ էին գցել Թեհրանի միջուկային ծրագիրը, ինչը հակասում էր Թրամփի հայտարարությանը, թե թիրախները լիովին ոչնչացված են։

«Ռոյթերս»-ի տվյալներով, ռազմական հետախուզության գնահատականի արտահոսքը զայրացրել էր Թրամփին։ Նա կոշտ քննադատել էր CNN-ին, «Նյու Յորք Թայմս»-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք հրապարակել էին տեղեկությունը։ Թրամփը դրանք անվանել էր կեղծ լուրեր։

Բացի այդ, Կրուզի ազատումից մի քանի օր առաջ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել էր, որ գաղտնի տեղեկությանը հասանելիությունը զրկել է նախկին և գործող 37 աշխատակցի։