«Ռոյթերս»․ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Եվրոպային գազ վաճառելու հարցը
«Ռոյթերս» գործակալությունը, հենվելով հինգ իրազեկ աղբյուրների վրա, գրում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են «Հյուսիսային հոսք» նախագծում ամերիկացի ներդրողի ընդգրկման հարցը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Կիրիլ Դմիտրիևը և Ջարեդ Քուշները վերջին շաբաթներին հանդիպել են Մոսկվայում և Նյու Յորքում։ Գործակալության երկու աղբյուրների տեղեկություններով՝ անհայտ է, թե որքանով են նրանք այդ հանդիպումների ընթացքում քննարկել «Հյուսիսային հոսքի» հարցը, սակայն թեման շարունակում է մնալ օրակարգում։
«Ռոյթերսի» հաղորդմամբ՝ Քուշները բիզնես համաձայնագրերը համարում է խաղաղության վերականգնման կարևոր տարրերից մեկը, սակայն դեռևս անհայտ է, թե որքանով է Վաշինգտոնը շահագրգռված Գերմանիային ռուսական գազի մատակարարման վերականգնմամբ։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ առկա խոչընդոտների հաշվառմամբ, միջնաժամկետ հեռանկարում համաձայնության հասնելը քիչ հավանական է։
Սպիտակ տանը, պատասխանելով զանգվածային լրատվամիջոցների հարցին, հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ցանկացած համաձայնագրի հարց պետք է համաձայնեցվի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և ԱՄՆ Ֆինանսների նախարարության հետ։ Նրանք նաև նշել են, որ վերջին շրջանում «Հյուսիսային հոսքի» հետ կապված որևէ բանակցություն չի վարվել։
Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը «Ռոյթերսին» հայտնել է, որ «Հյուսիսային հոսքի» գազատարները և ռուսական գազը Եվրոպայում գտնվում են պատժամիջոցների տակ, և Գերմանիան արդեն գտել է ռուսական գազի այլընտրանքային աղբյուրներ։ Նրա խոսքով՝ գազատարների վերագործարկումը կպահանջի կառավարության համաձայնությունը, սակայն նման ցանկություն չկա։
«Ռոյթերսի» տեղեկություններով՝ Քուշները և Դմիտրիևը քննարկել են նաև ռուսական «Լուկոյլ» էներգետիկ ընկերությանը պատկանող մի շարք ակտիվների վաճառքը, այդ թվում՝ Եվրոպայում և այլ տարածաշրջաններում գտնվող նավթավերամշակման գործարանների և ավտոլիցքավորման կայանների։