Ղազախստանի նախագահը հանդես է գալիս Միջին միջանցքը «Թրամփի ճանապարհի» հետ ինտեգրելու հարցի քննարկման նախաձեռնությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպմանը հանդես է եկել փորձագիտական մակարդակով Միջին միջանցքի «Թրամփի ճանապարհի» հետ ինտեգրման հարցի քննարկման առաջարկով։
Տոկաևի հայտարարությամբ՝ Ղազախստանում տրանսպորտային ենթակառուցվածքների լայնամասշտաբ արդիականացումը կնպաստի ամբողջ տարածաշրջանի տարանցիկ դերի ուժեղացմանը։
Նրա խոսքով՝ առանձնահատուկ նշանակություն ունի Կասպից միջազգային տրանսպորտային երթուղու զարգացումը, որը հաճախ անվանում են Միջին միջանցք։
«Չնայած նրան, որ Ղազախստանի համար առանձնահատուկ արդիականություն ունի Ռուսաստանի հետ համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-Հարավ» երթուղին, Համաշխարհային բանկի գնահատմամբ, եթե նախանշված ենթակառուցվածքային խնդիրները լիովին կատարվեն, ապա մինչև 2040 թվականը Կասպից ծովով բեռնափոխադրումների ծավալը կարող է ավելանալ չորս անգամ»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։
Նրա հայտարարությամբ՝ հնարավոր է փորձագիտական մակարդակով քննարկել Միջին միջանցքի տրանսպորտային նախաձեռնության «Թրամփի ճանապարհի» հետ ինտեգրման հարցը, ինչը կնպաստի առկա տարանցիկ ներուժի ընդլայնմանը և, Տոկաևի գնահատմամբ, համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին։