«Ռոյթերը». Դոնալդ Թրամփի վարչակազմը փակել է գերատեսչությունների միջև գործող աշխատանքային խումբը, որը մշակել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ռազմավարություններ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների արագացման նպատակով

17:34, 17.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փակել է գերատեսչությունների միջև գործող աշխատանքային խումբը, որը մշակել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ռազմավարություններ՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները արագացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Ռոյթերը»՝ հղում կատարելով երեք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների։

Մեդիայի տեղեկություններով՝ աշխատանքային խումբը ստեղծվել է գարնանը, երբ Թրամփի հայտարարությունները Կրեմլի հասցեին քննադատական էին։ «Ռոյթերը» նշում է, որ խումբը քննարկել է՝ ինչպես կարող է ԱՄՆ-ը խթանել կամ ճնշում գործադրել հետխորհրդային Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների վրա՝ սահմանափակելու ապրանքների և էներգառեսուրսների մատակարարումները ինչպես ռուսական արտահանման, այնպես էլ ներմուծման տեսանկյունից։

Ինչպես գրում է «Ռոյթերը», խմբի նշանակությունը նվազել է, քանի որ Թրամփը փոխել է իր վերաբերմունքը Կրեմլի նկատմամբ։

«Վերջում այն դադարեց գործել, քանի որ նախագահը չէր աջակցում այս խմբին», – նշել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Մեդիայի տվյալներով՝ այս աշխատանքային խմբի գոյության մասին նախկինում հայտնի չէր։ Աղբյուրները պնդում են, որ վերջին հարվածը եղել է մի քանի շաբաթ առաջ Ազգային անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության, այդ թվում Ուկրաինայի պատերազմի հարցերով զբաղվող ողջ թիմի ազատումը, որն իրականացվել է լայնածավալ մաքրման շրջանակում։

«Ռոյթերի» հաղորդմամբ՝ անհայտ է՝ արդյոք Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել խմբի ստեղծման կամ փակման մասին։

Նմանատիպ