Ռոյթեր – Մարկ Ռյուտեն Լոնդոն այցի ընթացքում կհայտարարի ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի 400%-ով ավելացման մասին
Լոնդոն կատարած այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կհայտարարի դաշինքի կողմից իր օդային և հրթիռային պաշտպանության համակարգերը 400%-ով ավելացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը, որը կարդացել է Ռյուտեի ելույթի տեքստը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Մարկ Ռյուտեն այսօր պետք է ելույթ ունենա Chatham House վերլուծական կենտրոնում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթի տեքստի համաձայն՝ դաշինքը հուսալի զսպման և պաշտպանության համար պետք է 400%-ով ավելացնել իր օդային և հրթիռային պաշտպանության համակարգերը։
«Մենք Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը տարածում սարսափը երկնքից: Այս կերպ մենք կամրապնդենք մեր երկինքը պաշտպանող վահանը: Փաստն այն է, որ մեզ անհրաժեշտ է զգալի թռիչք մեր կոլեկտիվ պաշտպանության մեջ: Փաստն այն է, որ մենք պետք է ունենանք ավելի շատ ուժ և հնարավորություններ՝ մեր պաշտպանական ծրագրերը լիարժեք իրականացնելու համար: Փաստն այն է, որ սպառնալիքը չի վերանա նույնիսկ այն ժամանակ, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի», – նշվում է տեքստում։
Հունիսի վերջին Հաագայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքը նախատեսում է հայտարարել պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ համաձայնագրի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամները պաշտպանական ծախսերը մեծացնեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը։