Ռոմեո Միկաուտաձեն դիմել է դատախազություն՝ մեղքի ընդունման համաձայնագիր կնքելու համար, սակայն դատախազությունը բացատրում է, որ Միկաուտաձեն չի ընդունում մեղքը, և նման դեպքում մեղքի ընդունման համաձայնագիր չի կնքվի
Ռոմեո Միկաուտաձեն դիմել է դատախազություն՝ մեղքի ընդունման համաձայնագիր կնքելու համար, սակայն դատախազությունը բացատրում է, որ Միկաուտաձեն չի ընդունում մեղքը, և նման դեպքում մեղքի ընդունման համաձայնագիր չի կնքվի

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի նախկին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեն դիմել է դատախազություն՝ դատավարական համաձայնություն կնքելու պահանջով։

Այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ եզրափակիչ խոսքով։ Նաև ելույթ ունեցավ ինքը՝ Ռոմեո Միքաուտաձեն։ Ինչպես հայտարարեց Միքաուտաձեն, արդեն մեկ շաբաթ է՝ պաշտպանական կողմը քննչական մարմնից պատասխանի է սպասում դատավարական համաձայնության կնքման վերաբերյալ։

«Մեկ շաբաթ առաջ դիմել եմ դատախազություն՝ դատավարական գործարքի համար։ Սա իմ և իմ ընտանիքի համատեղ որոշումն է։ Պատրաստ եմ խոստովանել գոյություն չունեցող հանցանքը և փոխհատուցել վնասը զգալի գումարով։ Մինչ այս պահը միակողմանի սպասման ռեժիմում եմ։ Ինը ամիս շարունակ դատախազությունը հայտարարում էր՝ թող մեզ դիմի, և ահա, խնդրեմ, դիմել եմ», – հայտարարեց Միքաուտաձեն։

Նշված հարցի վերաբերյալ լրատվամիջոցներին մեկնաբանություն է տվել դատախազ Իրակլի Մարշանիան։ Նրա խոսքով՝ այս պահին դատավարական համաձայնության շուրջ որևէ բանակցություն չի ընթանում, քանի որ դատավարական համաձայնություն կնքելու գլխավոր պայմանը հանցանքի ընդունումն ու վնասի փոխհատուցումն է։ Դատախազի խոսքով՝ այս պայմանները մինչ այս պահը չեն կատարվել։

«Ռոմեո Միքաուտաձեն ողջ դատավարության ընթացքում՝ չորս ժամ, խոսում էր, որ մեղավոր չէ։ Վերջում ավելացրեց՝ ես մեղավոր չեմ, բայց դիմումն, այնուամենայնիվ, ներկայացրել եմ։ Դա խոստովանություն չէ։ Այս դեպքում դատավարական համաձայնություն չի կնքվում։ Մարդը պետք է խոստովանի հանցանքը», – հայտարարել է դատախազ Իրակլի Մարշանիան։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի նախկին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեի հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 16-ին, որի ժամանակ դատավոր Նինո Գալուստաշվիլին կհրապարակի դատավճիռը։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի նախկին առաջին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի եկամուտների օրինականացման փաստերով, ինչը որպես պատիժ նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Ըստ քննության՝ Ռոմեո Միքաուտաձեն տարբեր գերատեսչություններում զբաղեցնում էր բարձր պաշտոններ և պարբերաբար չարաշահում էր պաշտոնեական լիազորությունները, ինչն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերով եկամուտների ստացմամբ։