Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Վրաստանին վերաբերող հարցերին. «Մի՛ հանձնվեք. Եվրոպական միությունը միշտ բաց կլինի նրանց համար, ովքեր ձգտում են դեպի այն»
Եվրոպական միությունը միշտ բաց կլինի նրանց համար, ովքեր ձգտում են անդամակցել դրան,- հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ պատասխանելով Վրաստանին վերաբերող հարցերին։ Նա այս մասին ասել է լրագրողներին՝ Եվրոպական խորհրդում առաջնորդների հանդիպմանը նախորդող զրույցի ընթացքում։
Երբ նրան հարցրել են ԵՄ ընդլայնման գործընթացում Վրաստանի առաջընթացի ներկայիս փուլի մասին (հատկապես հաշվի առնելով, որ թեկնածու այլ երկրներ առաջ են շարժվում), ինչպես նաև այն մասին, թե ինչ ուղերձ ունի վրաց ժողովրդին, Մեցոլան ասել է.
«Մի՛ հանձնվեք։ Եվրոպական միությունը միշտ բաց կլինի նրանց համար, ովքեր ձգտում են անդամակցել դրան։ Սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք յուրաքանչյուր երկրի, և մենք ակնկալում ենք անդամակցության գործընթացի արագացում՝ հիմնված յուրաքանչյուր երկրի անհատական ձեռքբերումների վրա։ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակում ենք քննարկումները նրանց բոլորի հետ»,- նշել է Ռոբերտա Մեցոլան։ Բացի այդ, պատասխանելով Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակության և էներգետիկ անվտանգության համատեքստում հնչած հարցին՝ արդյոք ժամանակը չէ՞, որ Եվրոպական միությունը փոխի իր մոտեցումը Վրաստանի նկատմամբ և խորացնի երկխոսությունը երկրի հետ, Մեցոլան նշել է.
«Երբ խոսում ենք էներգամատակարարման մասին, ապա առաջին հերթին մեզ անհրաժեշտ են հուսալի գործընկերներ և հուսալի համագործակցություն»,- հայտարարել է Ռոբերտա Մեցոլան։