Reuters – Սիրիան սկսել է ոչնչացնել Ասադի ռեժիմի քիմիական զենքի ծրագրի մնացորդները
Սիրիան սկսել է ոչնչացնել Ասադի ռեժիմի քիմիական զենքի ծրագրի մնացորդները, հաղորդում է Reuters-ը։
ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Իզումի Նակամիցուն և ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Իբրահիմ Օլաբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել են, որ սա Սիրիայում քիմիական զենքի առաջին հաստատված ոչնչացումն է տասնամյակի ընթացքում։
Ռոյթերսի տվյալներով՝ մայիսին Սիրիայի նոր կառավարությունը հայտնաբերել է Ասադի ռեժիմի քիմիական զենքի ծրագրի մնացորդներ, այդ թվում՝ հումք և զինամթերք, որոնք նման են քաղաքացիական պատերազմի ժամանակ քիմիական հարձակումներում օգտագործվածներին։
Նակամիցուի խոսքով՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) 2014 թվականից ի վեր առաջին անգամ հաստատել է քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում։
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը նշել է, որ այս աշխատանքով Սիրիան «պաշտպանում է աշխարհը և տարածաշրջանը»։
Դեսպան Օլաբին նաև քննադատել է Իսրայելին՝ ասելով, որ Իսրայելի կողմից կրկնվող հարձակումները խոչընդոտել են քիմիական զենքի որոնումը և ոչնչացումը և վտանգի են ենթարկել գործընթացում ներգրավված սիրիացի մասնագետներին։ Օլաբիի խոսքով՝ Սիրիայի կառավարությունը նաև պատրաստվում է անցկացնել քիմիական զենքի ծրագրին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվածների առաջին դատավարությունը։
Այս տարվա սկզբին Սիրիայի կառավարությունը ձերբակալեց 18 մարդու, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, քաղաքական և տեխնիկական պաշտոնյաների՝ ծրագրին ենթադրյալ մասնակցության համար։