Reuters. Իսրայելի հարվածի հետևանքով, հավանաբար, զոհվել են Իրանի պաշտպանության նախարարը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը
Ենթադրվում է, որ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասերզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Իսրայելի ռազմական գործողություններին մոտ կանգնած երկու աղբյուրների և մեկ տարածաշրջանային աղբյուրի։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են նրա ենթադրյալ սպանության մասին։ Սակայն հաղորդագրությունը պաշտոնապես չի հաստատվել։
Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ հարվածների հետևանքով ավերվել է Խամենեիի նստավայրը և հրապարակել էր միջադեպի լուսանկարը։ Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրի, հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդը Իրանում չի եղել ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այաթոլլա Ալի Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր։