«Reuters»-ի փոխանցմամբ,Ռուսաստանը կարողացել է չեզոքացնել Ուկրաինայի կողմից արձակված «Ատակամս» ութ հրթիռներից երկուսը, իսկ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Բրյանսկի շրջանում հինգ հրթիռ է խոցվել
Ռուսաստանը կարողացել է չեզոքացնել Ուկրաինայի կողմից արձակված «Ատակամս» ութ հրթիռներից երկուսը,- հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության ներկայացուցչին։
Ուկրաինական աղբյուրները պնդում են, որ ՌԴ ՊՆ գլխավոր հրթիռահրետանային ստորաբաժանման զինանոցը Բրյանսկի շրջանի Կարաչև քաղաքում ռմբակոծվել է «Ատակամս» հրթիռներով։
Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտի վրա արձակված վեց հրթիռներից հինգը խոցվել են, որից հետո բեկորները դիպել են օբյեկտին և փոքր հրդեհ առաջացրել։
Կարաչև քաղաքը գտնվում է ուկրաինա-ռուսական սահմանից մոտավորապես 130 կմ հեռավորության վրա։ Ուկրաինայի զինանոցում եղած «Ատակամս» տիպի հրթիռներն ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել «Ատակամս» տիպի հրթիռները՝ ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախները ոչնչացնելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Ատակամսի» օգտագործումը հստակ ազդանշան է, որ Արևմուտքը ցանկանում է սրել հակամարտությունը։