Reuters-ի փոխանցմամբ, ուկրաինական պատվիրակությունը՝ Անդրեյ Երմակի գլխավորությամբ, հանդիպել է Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ
Ուկրաինայի պատվիրակությունը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ, հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ, գրում է «Reuters»-ը։
Ինչպես «Reuters»-ին հայտնել է անանուն աղբյուրը, ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի ազգային անվտանգության ընտրված խորհրդական Մայք Ուոլցի և Ուկրաինայում նրա ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։
«Wall Street Journal»-ը, աղբյուրի վրա հիմնվելով, գրում է, որ հանդիպմանը մասնակցել է Ջեյմս Դեյվիդ Վենսը, ով ընտրվել է փոխնախագահի պաշտոնում։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է Կոնգրեսին լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, թեև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ Ջո Բայդենի վարչակազմի խնդրանքը չի դնի քվեարկության։