Reuters. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ կարող են երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր ապահովել՝ չնայած տարաձայնություններին
Reuters. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ կարող են երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր ապահովել՝ չնայած տարաձայնություններին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ չնայած տարաձայնություններին, խաղաղությունը հնարավոր է։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

Ինչպես նշել են Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, նրանք հույս ունեն, որ կարող են ապահովել կայուն խաղաղության համաձայնագիր՝ չնայած Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ տարաձայնություններին։

«Կարծում եմ՝ ճիշտ է այդպես հուսալ: Եթե տեսնենք հայկական կողմի կառուցողական մոտեցումը: Ամենակարևորը, եթե նրանք ամբողջությամբ մի կողմ դնեն մեր տարածքային ամբողջականության դեմ ուղղված բոլոր նկրտումները, ապա մենք կարող ենք շատ շուտով խաղաղ լուծում գտնել, գուցե նույնիսկ մինչև տարեվերջ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան հայտարարել է, որ անհրաժեշտ է խաղաղություն լինի։

«Ոչ միայն կարող է լինել, այլեւ պետք է լինի խաղաղություն։ Սա իմ համոզմունքն է, իմ դիրքորոշումը, բայց որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է նաև, որ միջազգային հանրությունը իմանա մի կարևոր նրբերանգ, պարզ լինի, թե ինչու դա տեղի չի ունենում»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ Փաշինյանը կրկնել է մեղադրանքները, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքով՝ Հայաստանը անկլավին կապող միակ ճանապարհով, սննդամթերքի և դեղորայքի տարանցումը Ղարաբաղ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։

Ալիևը հերքել է, որ ադրբեջանական ուժերը արգելափակում են ազատ տեղաշարժը, ասելով, որ ավելի քան 2000 մարդ տեղափոխվել է «դեպի Հայաստան և հետ» այն բանից հետո, երբ Ադրբեջանն ապրիլին սահմանային անցակետ է սահմանել միջանցքի մուտքի մոտ: