Reuters – ԱՄՆ-ը դիտարկում է այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը

12:35, 15.10.2026

Միացյալ Նահանգները քննարկում է այսպես կոչված «ստվերային նավատորմի» պատկանող նավերի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը՝ համաշխարհային բեռնափոխադրումների ռեկորդային բարձր սակագները նվազեցնելու նպատակով։

Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Նշենք, որ «ստվերային նավատորմի» նավերը նավթ են տեղափոխում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Վենեսուելան։ Սակայն պաշտոնյաները նշում են, որ քննարկումը վերաբերում է այն նավերի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, որոնք կտեղափոխեն ոչ թե պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կամ իրանական նավթը, այլ «օրինական» նավթամթերք, հիմնականում Պարսից ծոցի տարածաշրջանից։

Այս պատժամիջոցների տակ գտնվող նավերով ապրանքներ տեղափոխել ցանկացող ընկերությունները պետք է դիմում ներկայացնեն ԱՄՆ ֆինանսների նախարարություն։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը պնդում է, որ պատժամիջոցների այս մեղմացումը չի օգնի Ռուսաստանին նավթի կամ նավթամթերքի տեղափոխման հարցում։ Reuters-ը հաղորդում է, որ քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես վերացրեց ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները՝ քայլ, որը սուր քննադատության արժանացավ Ուկրաինայի նախագահի, եվրոպական երկրների և ամերիկացի սենատորների կողմից։ Նրանք պնդում են, որ սա Ռուսաստանին լրացուցիչ եկամուտ է տրամադրում Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար։

Ինչպես նշում է Reuters-ը իր հոդվածում, նավթի և վառելիքի բարձր գները լրացուցիչ ռիսկ են ներկայացնում Թրամփի համար նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ, որոնցում հանրապետականները ձգտում են պահպանել Կոնգրեսի վերահսկողությունը։

Մասնագետների կարծիքով, «ստվերային նավատորմի» նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը զգալիորեն չի նվազեցնի համաշխարհային բեռնափոխադրումների սակագները, չնայած կարող է փոքր-ինչ մեծացնել տանկերների մատչելիությունը, օրինակ՝ Հորմուզի նեղուցում։

Նմանատիպ