Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմուտքին մեղադրում է Ռուսաստանի նկատմամբ սադրանքների վրա հիմնված քաղաքականության մեջ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է Արևմուտքին Ռուսաստանի նկատմամբ սադրանքների վրա հիմնված քաղաքականության մեջ։ Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի նախագահը` Սերբիայի նախագահի հետ Բելգրադում կայացած մամուլի ասուլիսում։
«Ես հստակ կարող եմ ասել, որ չեմ կարծում, որ Արևմուտքի մոտեցումը ճիշտ է, քանի որ Արևմուտքը վարում է սադրանքների վրա հիմնված քաղաքականություն»,- ասել է Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով չի ավարտվի։
«Ռուսաստանին ճիշտ չգնահատողներին կասեմ՝ սխալ եք անում։ Ռուսաստանն այն երկիրը չէ, որը կարելի է թերագնահատել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Միևնույն ժամանակ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու Անկարայի հավասարակշռված քաղաքականությունը։