Ռասա Յուկնևիչիենե․ «Պատժամիջոցներն անհրաժեշտ են Իվանիշվիլիի և բոլոր պատասխանատու անձանց դեմ, անդամ պետությունները չպետք է սպասեն, ազատության ծարավն ավելի ուժեղ է, քան վախը»
Պատժամիջոցներն անհրաժեշտ են Իվանիշվիլիի և բոլոր պատասխանատու անձանց դեմ, անդամ պետությունները չպետք է սպասեն, ազատության ծարավն ավելի ուժեղ է, քան վախը, հենց այդ պատճառով մենք պետք է գործենք հիմա․ այս մասին Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն։
«Ոմանք կարծում են, թե Վրաստանը կորսված դեպք է։ Ասում են․ «Համակերպվեք իրավիճակի հետ, եղեք իրատես»։ Շատերն էին կարծում, որ մենք՝ լիտվացիներս էլ էինք կորսված, բայց դա այդպես չէր։ Վրացիները ձեռքերը ցած չեն իջեցրել։ Ժողովուրդը դեռ բողոքում է։ Մեծամասնությունը դեռ ցանկանում է եվրոպական ապագա։ Հենց այդ պատճառով է մեր ուղերձն այսօր կարևոր նաև նրանց համար։ Ռեժիմը ցանկանում է արգելել ընդդիմադիր կուսակցությունները։ Այն ստիպեց գերմանական քաղաքական հիմնադրամներին փակել իրենց գրասենյակները Թբիլիսիում։ Այն ձերբակալում է նրանց, ովքեր աշխատում են ժողովրդավարության և օրենքի գերակայության համար։ Սա ուժ չէ, սա վախ է։ Իվանիշվիլիի ռեժիմը, մերժելով վրաց ժողովրդի կամքը, ընտրեց Ռուսաստանը։ Պուտինիզմը պարտվելու է։ Վրաստանի պուտինացումը դատապարտված է։ Ռուսաստանը ոչ ոքի համար ապագա չէ։ Ուկրաինան դեռ կանգնած է և պայքարում է։ Հայաստանն էլ կայացրեց իր ընտրությունը՝ չնայած Մոսկվայի ճնշմանը, այնպես որ հույսը կորսված չէ։
Հենց այդ պատճառով մենք պետք է գործենք հիմա։ Պատժամիջոցներն անհրաժեշտ են Իվանիշվիլիի և բոլոր պատասխանատու անձանց դեմ։ Անդամ պետությունները չպետք է սպասեն։ Ազատության ծարավն ավելի ուժեղ է, քան վախը։ Մենք պետք է աջակցենք վրաց ժողովրդին։ Փա՛ռք Վրաստանին»,- հայտարարել է Ռասա Յուկնևիչիենեն։
Վեց տարբեր քաղաքական խմբերի շուրջ 70 եվրոպատգամավորներ Վրաստանի վերաբերյալ պատրաստել են բանաձևի նախագիծ՝ «Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը» անվանմամբ։
Բանաձևի նախագծի հեղինակների թվում են Ռասա Յուկնևիչիենեն, Դևիդ ՄաքԱլիստերը, Տոբիաս Կրամերը և Մալգոժատա Գոշևսկան։ Նախագծի քվեարկությունը նախատեսված է վաղը՝ հոկտեմբերի 8-ին։