ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն 18-ամյա երիտասարդի է ձերբակալել առևտրի կենտրոնում զանգվածային սպանություն ծրագրելու համար
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն 18-ամյա երիտասարդի է ձերբակալել առևտրի կենտրոնում զանգվածային սպանություն ծրագրելու համար․ այս մասին գրում է «Ռոյթերս»-ը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ տղամարդը զանգվածային սպանություն էր ծրագրել Մինեսոտայում՝ Մինեապոլիսի մոտ գտնվող Mall of America-ում։
Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ երիտասարդը հարձակումը նախատեսում էր իրականացնել «Իսլամական պետության» անունից։
Շեյխդուն Աբդուլահ Մոհամուդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ծածուկ գործակալը նրան 600 դոլարով վաճառել է AK-47 տեսակի ինքնաձիգ, ռազմամթերք և փամփշտակալներ։ Մոհամուդը գործակալին ասել է, որ հոկտեմբերի վերջին առևտրի կենտրոնում անցկացվելիք միջոցառման ժամանակ ծրագրում էր սպանել 30-ից 60 մարդու։ Նրա խոսքով՝ առևտրի կենտրոնի սեփականատերերը հրեաներ են, և այդ պատճառով ցանկանում էր սպանել նրանց։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ Մոհամուդը հարձակումը ծրագրում էր հոկտեմբերի 24-ին։
Mall of America-ն Միացյալ Նահանգների ամենամեծ առևտրի կենտրոնն է։ Համալիրում գործում են թեմատիկ այգի, ակվարիում և ավելի քան 500 խանութ։