Պորտուգալիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Պորտուգալիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն ժամը 19:00-ին։
Ինչպես գրում է Reuters-ը, էքզիթ փոլի արդյունքները նախատեսված է հրապարակել ժամը 20:00-ին։
Տեղեկության համար, խորհրդարանի լուծարմանը և արտահերթ ընտրությունների հայտարարմանը նախորդել էր վարչապետ Լուիզ Մոնտենեգրույի ընտանիքի հարստացման հետ կապված սկանդալը։ Գործը վերաբերում էր վարչապետի ընտանիքին պատկանող խորհրդատվական ընկերությանը։ Նա պայմանագրեր է կնքել մասնավոր ընկերությունների հետ, ինչը, ըստ ընդդիմության, հանգեցրել է Մոնտենեգրույի հարստացմանը։
Վարչապետն ինքը հերքում է շահերի բախման որևէ դեպք։ Իր նկատմամբ անվստահության քվեարկությունը նախաձեռնել էր հենց վարչապետը, ով դեմ էր արտահայտվել իր ընտանիքի բիզնեսը հետաքննելու համար խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը։
Պորտուգալիայում ընտրողների մասնակցությունը սովորաբար ցածր է, և որոշ քաղաքական վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել, որ այս տարի այն կարող է նույնիսկ ավելի ցածր լինել։