Պորոշենկոն հայտարարել է Սավչենկոյի և Սաակաշվիլիի «դիմակազերծման» մասին
Պորոշենկոն հայտարարել է Սավչենկոյի և Սաակաշվիլիի «դիմակազերծման» մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ գաղտնի ծառայությունների կողմից դիմակազերծումը և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի և Նադեժդա Սավչենկոյի մեղադրանքը արժանի են «հատուկ ծառայությունների ապագա աշխատակիցների համար դասագրքերի էջերին հայտնվելուն»: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործունեության 26-ամյակի կապակցությամբ:

«Վերջին երկու ամիսների ընթացքում Անվտանգության ծառայությունը երկու լայնամասշտաբ օպերացիա է իրականացրել, որոնք արժանի են հատուկ ծառայությունների ապագա աշխատակիցների համար դասագրքերում տեղ գտնելուն: Նախ, փայլուն կերպով մերկացվեց և օրինական կերպով փաստաթղթավորվեց Վերին ռադայի ներքո «բողոքի ճամբարի» կապը Ռուսաստանի Դաշնությունում մալոռուսական քաղաքական միգրացիայի հետ, որը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հովանու տակ է գտնվում…Համոզիչ ապացույցներ են ձեռք բերվել և փակվել է Դնեպրի և Մոսկվա գետի միջև  ֆինանսական երակը, որի միջոցով էլ նրանք տեղափոխում էին այդ 30 արծաթը», – ասել է նախագահը:

Նա հավելել է, որ ավելի կարևոր է «թշնամու բույնի փայլուն դիմակազերծումը, որը բազմաթիվ զոհերով լայնածավալ հարձակումներ էր նախապատրաստում»:

«Նրանք, իրենց ձևակերպմամբ, «կառավարվող քաոսի տեսություն» էին մշակում՝ Ռուսաստանի շահերից բխող պետական հեղաշրջում Ուկրաինայում», – նշել է Պորոշենկոն:

Նրա խոսքով` Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատանքի նման արդյունքները հնարավոր են դարձել համակարգային փոփոխությունների շնորհիվ, որոնք ամրապնդում են Ծառայության՝ քաղաքացիների և պետության շահերն արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու կարողությունները: