«Պոլիտիկո» – Եվրոպական խորհրդարանը քվեարկելու է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի և Եվրոպական հանձնաժողովի նկատմամբ անվստահության հարցի շուրջ
Հաջորդ հինգշաբթի Եվրոպական խորհրդարանը քվեարկելու է Եվրոպական հանձնաժողովի և նրա նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի նկատմամբ անվստահության հարցի շուրջ: Այս մասին գրում է «Պոլիտիկո»-ն:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արդեն տեղեկացրել է քաղաքական խմբերին քվեարկության մասին: Քննարկումը նախատեսված է երկուշաբթի օրը, որի ընթացքում Ֆոն Դեր Լեյենն ինքը ելույթ կունենա: Դրան կհաջորդի քննարկում, որտեղ քաղաքական խմբերի ղեկավարները կարտահայտեն իրենց տեսակետները, և քվեարկությունը տեղի կունենա լիագումար նիստում հինգշաբթի օրը Ստրասբուրգում:
Նախաձեռնությունը ներկայացրել է ռումինացի աջակողմյան եվրապատգամավոր Գեորգե Պիպերեան: Նա մեղադրում է Եվրոպական հանձնաժողովին թափանցիկության բացակայության և վատ կառավարման մեջ:
Ինչպես գրում է «Պոլիտիկո»-ն, սա տասնամյակի ընթացքում առաջին դեպքն է, երբ հանձնաժողովի ղեկավարը բախվում է նման մարտահրավերի, սակայն քիչ հավանական է, որ Ֆոն Դեր Լեյենը պաշտոնանկ արվի, քանի որ կուսակցությունների մեծ մասն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ դա անել: