Պոլիտիկո. Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, սակայն երրորդ երկրներում ռուսական գազի տարանցման արգելքի ժամկետը նշանակալիորեն երկարաձգվել է

14:14, 23.07.2026

Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայնամասշտաբ՝ 21-րդ փաթեթի շուրջ: Տեղեկությունը տարածում է «Politico»-ն:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, համաձայնագրի վերջին վիճելի հարցը երրորդ երկրներ ռուսական գազի տեղափոխման արգելքն էր, որը լուծվեց փոխզիջման արդյունքում: Մասնավորապես, նշված արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետը նշանակալիորեն երկարաձգվել է:

Դիվանագետների խոսքով՝ ԵՄ-ն նաև որոշել է ռուսական հում նավթի համար սահմանված գնի վերին շեմը 12 ամսվա ընթացքում թողնել անփոփոխ: Ներկայումս այդ շեմը մեկ բարելի դիմաց կազմում է 44.10 ԱՄՆ դոլար:

Ի գիտություն՝ Հունաստանն ի սկզբանե դեմ էր արտահայտվում այն առաջարկին, որը եվրոպական ընկերություններին կարգելեր ռուսական գազ տեղափոխել երրորդ երկրների սպառողների համար: Աթենքը պնդում էր, որ այդ միջոցառումը դուրս էր գալիս ԵՄ առաջնորդների կողմից նախկինում համաձայնեցված շրջանակներից և գործնականում անարդյունավետ կլիներ, քանի որ նավերը կարող էին գրանցվել այլ իրավասության ներքո:

Նմանատիպ