«Պոլիտիկո» – Ջոն Ռատկլիֆը Մոսկվա կատարած այցի ժամանակ կոչ է արել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին չսրել հակամարտությունը Բալթյան երկրների հետ
Մոսկվա կատարած այցի ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռատկլիֆը կոչ է արել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին չսրել հակամարտությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հետ,- գրում է «Պոլիտիկո»-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, Ռատկլիֆը նաև օգտագործել է Մոսկվա կատարած իր այցը՝ կոչ անելով Ռուսաստանին կրճատել Իրանին տրամադրվող ռազմական և տնտեսական աջակցությունը։
Ինչպես նշում է «Պոլիտիկո»-ն, վերջին շաբաթներին Ռուսաստանը բազմիցս սպառնացել է Ուկրաինային աջակցող ՆԱՏՕ-ի երկրներին։ Սա կասկածներ է առաջացնում, որ Մոսկվան կարող է նոր, ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել՝ հիբրիդային պատերազմի կամ ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ սահմանափակ ռազմական գործողությունների տեսքով։
«Նրա այցի հիմնական նպատակն էր զգուշացնել Ռուսաստանին, որ Բալթյան երկրների դեմ ցանկացած քայլ, որը կարող է սրել իրավիճակը, անընդունելի է», – գրում է «Պոլիտիկո»-ն։