Պիտեր Սիյարտո. Մեզ դուր չի գալիս Բրյուսելի գործողությունները Թբիլիսիի նկատմամբ, մենք ցանկանում ենք, որ Եվրոպական Միությունը գործի արդարորեն՝ առանց կրկնակի ստանդարտների

14:32, 11.04.2025

«Մեզ դուր չի գալիս Բրյուսելի վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ։ Ցանկանում ենք, որ Եվրոպական Միությունը գործի արդար կերպով՝ առանց կրկնակի ստանդարտների», – այս մասին Անթալիայում վրացի լրագրողներին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն։

«Երբ ընտրություններում աջակողմյան քաղաքական գործիչներն են հաղթում, Բրյուսելում սկսում են խոսել ժողովրդավարության առջև կանգնած վտանգների մասին։ Նրանք ժողովրդավարություն են համարում միայն լիբերալների իշխանությունը։ Սա վատ է, և մենք կփորձենք իրավիճակը փոխել դեպի լավը», – նշել է Սիյարտոն։

Բացի այդ, նրա խոսքով, Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձից հետո միջազգային քաղաքականությունը կվերադառնա փոխադարձ հարգանքի տրամաբանությանը։

«Այժմ, երբ նախագահ Թրամփը վերադարձել է պաշտոնի, կարծում եմ, որ միջազգային քաղաքականությունը կվերադառնա փոխադարձ հարգանքի, ավելի մեծ ռացիոնալության և պրագմատիզմի, ավելի քիչ գաղափարականության և այլ երկրների ներքին գործերին միջամտության։ Շատ էր այն, ինչ անում էին դեմոկրատական վարչակազմը և Բրյուսելը՝ միջամտելով այլ երկրների ներքին գործերին և ճնշում գործադրելով։ Շատ լավ է, որ USAID-ի ֆինանսավորումը դադարեցվել է, քանի որ դա զգալիորեն նվազեցնում է այն կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք խառնվում էին այլ պետությունների ներքին գործերին», – հայտարարել է Պիտեր Սիյարտոն։

Նմանատիպ