ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ այսօր Իրանին կհասցվեն ամենազանգվածային հարվածները։
«Առաջին իսկ օրվանից մեր մարտիկները պայքարել են ճշգրտությամբ և արագությամբ, իսկ այսօր Իրանի և Թեհրանի վրա կիրականացվեն պատերազմի պատմության մեջ ամենազանգվածային հարվածները։ Ինտենսիվությունը միայն աճում է», – նշել է Հեգսեթը։
Խոսելով Իրանի նոր գերագույն առաջնորդի մասին՝ Հեգսեթը հայտարարել է, որ նա վիրավոր է։ Որպես դրա ապացույց նա համարում է այն փաստը, որ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրապարակել է միայն գրավոր հայտարարություն։
«Իրանի ղեկավարությունը ողբալի վիճակում է։ Նրանք թաքնված են, թաքնվում են գետնի տակ։ Նոր, այսպես կոչված, գերագույն առաջնորդը վիրավոր է և, հավանաբար, անդամալույծ։ Երեկ նա գրավոր հայտարարություն է հրապարակել, ձայն չի եղել, տեսանյութ չի եղել։ Ինչո՞ւ։ Կարծում եմ՝ դուք էլ կհասկանաք։ Նրա հայրը մեռած է։ Ինքը վախեցած է, վիրավոր է, թաքնվում է և լեգիտիմություն չունի։ Ո՞վ է կառավարում Իրանը։ Հնարավոր է՝ հենց Իրանն էլ չգիտի», – պարզաբանել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարը։
Տեղեկության համար՝ Իրանի պետական հեռուստատեսությունը երեկ տարածել էր նոր հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձը։