Փետրվարի վերջին, մարտի սկզբին կունենանք լրացուցիչ պատվաստանյութեր, մեր նպատակն է, որ Վրաստանում լինեն առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված պատվաստանյութեր. Գիորգի Գախարիա

17:17, 01.02.2021

Հարուստ, համակարգային պետությունները գնալով ավելի խիստ սահմանափակումներ են ընդունում, քանի որ տեսնում են, որ չեն կարող իրականացնել պատվաստումների ծրագիրը, որը նախապես կարծում էին, որ կիրականացնեն: Սա օբյեկտիվ իրողություն է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

«Մեր դեպքում, շատ քրտնաջան աշխատել ենք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին: Վերջին ամսվա ընթացքում մենք շատ սերտ շփում ենք ունեցել, և արդյունքում կարող եմ ասել, որ Վրաստանը կլինի առաջիկայում «Փայզեր» պատվաստանյութ ստացող առաջին 18 երկրների ցուցակում: Մենք «Փայզերի» պատվաստանյութը կստանանք առաջին փուլում միայն այն պատճառով, որ, համաձայն մեր պատվաստումների ազգային ծրագրի, մենք նախ պատվաստելու ենք բժշկական ոլորտի աշխատողներին, ինչը չափազանց կարևոր է», – ասել է Գախարիան:

Գիորգի Գախարիայի խոսքով, Վրաստանը շարունակում է աշխատել երկիր լրացուցիչ պատվաստանյութեր բերելու ուղղությամբ:

«Մենք շարունակում ենք աշխատել և փետրվարի վերջին, մարտի սկզբին երկրում կունենանք լրացուցիչ պատվաստանյութեր: Մեր հիմնական նպատակն է Վրաստանում լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված և թույլատրված պատվաստանյութերը, որը ռիսկ չի առաջացնի մեր քաղաքացիների համար: Հետևաբար, մի կողմից, մենք զգույշ ենք, բայց մյուս կողմից, մենք հասանք այն բանին, որ Վրաստանը առաջիններից մեկը կստանա «Փայզերի» պատվաստանյութը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ըստ պատվաստումների ազգային ծրագրի, առաջինը կպատվաստվեն բժիշկները»,- հայտարարել է Գախարիան:

Նմանատիպ