«Համատեղ ներդրումային հիմնադրամի» նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիի փաստաբան Լևան Մախարաշվիլիի հայտարարության համաձայն՝ Բաչիաշվիլին երեկ դատավարական համաձայնության (պրոցեսուալ համաձայնագիր) հիման վրա լքել է քրեակատարողական հիմնարկը։
Նրա խոսքով՝ Բաչիաշվիլիի հետ դատավարական համաձայնություն է կնքվել բոլոր երեք քրեական գործերով, ինչպես նաև դադարեցվել է քրեական հետապնդումը Գիորգի Բաչիաշվիլիի ծնողների նկատմամբ։
«Գիորգի Բաչիաշվիլիի հետ կնքվել է դատավարական համաձայնություն, որի հիման վրա նա երեկ լքել է քրեակատարողական հիմնարկը։ Նրա դեմ առկա բոլոր երեք քրեական գործերով առանձին-առանձին կնքվել են դատավարական համաձայնագրեր։ Զուգահեռաբար, նրա և տուժողի միջև առկա քաղաքացիական գործն ավարտվել է հաշտության համաձայնագրի հիման վրա։ Ինչ վերաբերում է Բաչիաշվիլիի ծնողների գործին, նրանց երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվել է, և նրանք այլևս հետախուզման մեջ չեն։ Վերջնական արդյունքում, Բաչիաշվիլիի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է մեկ տարի պայմանական ազատազրկում և հավելյալ պատիժ՝ տուգանք 50,000 լարիի չափով», – հայտարարել է փաստաբան Լևան Մախարաշվիլին։
Տեղեկության համար՝ «Համատեղ ներդրումային հիմնադրամի» նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կրիպտոարժույթի յուրացման գործով 2025 թվականի մարտի 10-ին դատապարտվել էր տասնմեկ տարվա ազատազրկման։
Պետական անվտանգության ծառայությունը Գիորգի Բաչիաշվիլիին ձերբակալել էր 2025 թվականի մայիսի 27-ին։ Բաչիաշվիլիի հետ դատավարական համաձայնությունը կնքվել է ընթացիկ տարվա փետրվարի 18-ին։