Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը

15:53, 19.10.2026

Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը։

Այս մասին հայտնում է Euronews-ը։

Լուվրի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիան կազմակերպել են Լուվրի դպրոցի ուսանողները։ Թանգարանի մուտքի մոտ ելույթ ունենալիս նրանք հայտարարել են, որ հպարտ են՝ փակելով աշխարհի ամենամեծ թանգարանը։

Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ, երբ ուսանողները պահանջել են բարելավել ուսումնական հաստատությունների պայմանները երկրի տարբեր վայրերում։ Հետագայում շարժումն ընդլայնվել է՝ վերածվելով կյանքի թանկացման դեմ ուղղված զանգվածային արշավի։ Վերջին տվյալներով՝ ողջ երկրում ցույցերին մասնակցել է մոտ կես միլիոն մարդ։

Թեև սկզբում ակցիաները խաղաղ բնույթ էին կրում, որոշ քաղաքներում դրանք վերածվել են բռնի բախումների։ Դիմակավոր խմբերը հարձակվել են իրավապահների վրա, ներխուժել քաղաքապետարաններ և այլ վարչական շենքեր, թալանել խանութներն ու հրկիզել տրանսպորտային միջոցներ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ որոշ քաղաքներում ոստիկանությունը կորցրել է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն։

Անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2500 մարդ, իսկ մոտ 1000 իրավապահ վիրավորվել է։ Տուժածներ կան նաև ցուցարարների շրջանում. մասնակիցներից մեկը կորցրել է ձեռքը՝ ոստիկանության կիրառած հատուկ նռնակի պայթյունի հետևանքով։ Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենի տվյալներով՝ հանգստյան օրերին ոստիկանական բաժանմունքներ է տարվել ավելի քան 2330 մարդ, որոնց 70 տոկոսը չափահասներ են։ Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեն Դի Կրեշենզոն գնահատել է, որ երկրում անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 2000 խանութ, իսկ հասցված վնասը հասնում է հարյուրավոր միլիոն եվրոյի։

Նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց վերանայել անվտանգության համակարգը՝ ընդունելով, որ իշխանությունների արձագանքման գործընթացում թերություններ են ի հայտ եկել։ Դատապարտելով բռնությունը՝ Մակրոնը հայտարարեց, որ տեղական իշխանություններին լիազորություն կտրվի՝ անհրաժեշտության դեպքում արգելելու բողոքի որոշակի հավաքներ։ Այնուամենայնիվ, նախագահը չհայտարարեց արտակարգ դրություն կամ պարետային ժամ։ Միաժամանակ, «Դեղին ժիլետավորների» շարժումը հաջորդ շաբաթ օրվա համար նոր, լայնածավալ բողոքի ակցիաներ է հայտարարել։

Նմանատիպ