Փակ մայրուղիներ և դադարեցված երկաթուղային երթևեկություն. Բալկանները պայքարում են առատ ձյան դեմ
Բալկանյան տարածաշրջանում պայքարում են վատ եղանակի դեմ։ Ձյան առատ տեղումները լուրջ ուշացումներ են պատճառել ճանապարհային երթևեկությանը, փակվել են մայրուղիները, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։
Այս մասին տեղեկություն է հրապարակում ԵՎՐՈՆՅՈՒՍ-ը։
Բոսնիա և Հերցեգովինայում տասնյակ հազարավոր բաժանորդներ անջատվել են էլեկտրաէներգիայի մատակարարումից, որոշ քաղաքներ և գյուղեր հասնելն անհնար է դարձել։
Բնական աղետի պատճառով Բոսնիայի, Սերբիայի և Խորվաթիայի իշխանություններն արգելել են բեռնատարների տեղաշարժը։
Վատ եղանակ է նաև Խորվաթիայում, Սլովենիայում, Սերբիայում, Կոսովոյում, Չեռնոգորիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զգույշ լինել Բալկաններում ճանապարհորդելիս, քանի որ ձյան տեղումների պատճառով փակվել են հիմնական երթուղիները։ Պաշտոնյաները նաև կոչ են արել քաղաքացիներին մնալ տանը և հնարավորության դեպքում զերծ մնալ ճանապարհորդություններից։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բոսնիայում ավելի քան 150,000 բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության, քանի որ քամին և ձյունը վնասել են էլեկտրահաղորդման գծերը և խաթարել ջրամատակարարումը: