Պետնախարար Թեա Ախվլեդիանին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Սամցխե-Ջավախեթիի համալսարանում հանդիպել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների հետ

11:27, 14.04.2026

Պետնախարար Թեա Ախվլեդիանին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Սամցխե-Ջավախեթիի համալսարանում հանդիպել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների հետ:

Պետնախարարը շնորհավորել է երիտասարդներին Մայրենի լեզվի օրվա առթիվ, ընդգծել դրա պատմական նշանակությունը և ուշադրություն հրավիրել պետական լեզվի իմացության կարևորության վրա Վրաստանի մշակութային և լեզվական բազմազան հասարակության մեջ՝ որպես կրթության, մասնագիտական զարգացման և քաղաքացիական ինտեգրման անկյունաքար:

Թեա Ախվլեդիանին երիտասարդներին ծանոթացրել է հաշտեցման և ներգրավվածության, ինչպես նաև քաղաքացիական հավասարության և ինտեգրման քաղաքականության հիմնական ուղղություններին և նշել ազգային առաջնահերթությունների իրականացման գործում երիտասարդների դերի մեծացման կարևորությունը:

Միջոցառման շրջանակներում նշվել է Սամցխե-Ջավախեթիի համալսարանի «1+4 վրացերենի պատրաստման ծրագրի» ղեկավար Նաթելա Բերիձեի բազմամյա ավանդը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար լեզվի ուսուցման գործում: Սիմվոլիկ նվերներ են հանձնվել նաև այն ուսանողներին, ովքեր հաջողությամբ ավարտել են նախապատրաստական դասընթացը և աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ:

«1+4» ծրագիրը հնարավորություն է տալիս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին մեկ տարվա ընթացքում խորացնել վրացերենի իմացությունը և այնուհետև շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Մայրենի լեզվի օրն այս տարի նշեցինք Սամցխե-Ջավախեթիի համալսարանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների հետ միասին, ովքեր պետության աջակցությամբ սովորում են վրացերեն և այդպիսով կարևոր քայլեր են անում հետագա զարգացման ու հաջողակ ապագայի համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա անմիջական և ջերմ միջավայրում քննարկել պետական լեզվի իմացության մակարդակի բարձրացման և դրա կարգավիճակի հզորացման կարևորությունը, ինչն անկասկած մեր բազմաէթնիկ հասարակության համախմբման գլխավոր գործոններից է: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր այն մանկավարժներին, ովքեր առանձնահատուկ ներդրում ունեն մեր ոչ վրացախոս բնակչությանը պետական լեզուն ուսուցանելու և հանրայնացնելու գործում»,- հայտարարել է Թեա Ախվլեդիանին:

Պետնախարարը նաև աշխատանքային հանդիպում է անցկացրել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի վարչակազմի և էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված մունիցիպալիտետների քաղաքապետերի նորացված կազմի հետ, որի շրջանակներում քննարկվել են քաղաքացիական հավասարության պետական քաղաքականության իրականացման գործում գրանցված արդյունքներն ու հետագա քայլերը:

Նմանատիպ