Պետեր Սիյարտո - Եվրամիությունն այսօր Վրաստանի հարցում քաղաքական կեղծավորության համաշխարհային ռեկորդ է սահմանել
Վրաստանի հարցում Եվրամիությունն այսօր քաղաքական կեղծավորության համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Վրաստանի հարցում Եվրամիությունն այսօր քաղաքական կեղծավորության համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Հասկանալի է, թե այստեղ ինչի մասին է խոսքը, քանի որ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ոչ թե հաղթեցին ազատական ուժերը, որոնց Բրյուսելը ցանկալի է համարում, այլ պահպանողական, խաղաղասեր, հայրենասեր կուսակցությունը, նրանք քաղաքական հարձակում սկսեցին Վրաստանի վրա»,- ասել է Սիյարտոն:
Հունգարացի դիվանագետը դատապարտել է Եվրամիության գործողությունները և նշել, որ «Վրացական երազանքը» կառավարում է Վրաստանը արդեն 12 տարի, և այս ընթացքում միջին եկամուտն աճել է երեք անգամ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն և օտարերկրյա ներդրումները՝ երկու անգամ։ Նրա խոսքով՝ այս ընթացքում իշխող կուսակցությունը ձեռք է բերել վրաց ընտրազանգվածի վստահությունը։
«Այստեղ՝ Բրյուսելում, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել վրաց ժողովրդի կամքը»,- ասել է Պետեր Սիյարտոն։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ինքը սլովակ գործընկերոջ հետ վետո է դրել Վրաստանի ոստիկանության ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման վրա։
Նա նաև միակողմանի է անվանել Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բռնությունների մասին հաղորդումները։ Սիյարտոյի խոսքով՝ իր վրացի գործընկերն իրեն ասել է, որ ցուցարարների մեջ կան նաև ագրեսիվ տարրեր, որոնց գործողությունների պատճառով տուժել է մոտ 40 ոստիկան։
«Կարծում եմ, որ անհնար է պատժամիջոցներ կիրառել երկրի դեմ միայն այն պատճառով, որ նա որոշել է հետաձգել անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը», – ասել է Սիյարտոն։
Նախարարի խոսքով՝ այսօր Բրյուսելում տխուր, հիասթափված վերաբերմունք է եղել Վրաստանի նկատմամբ, որին ինքը չի աջակցում։