Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Իսրայելական կողմն իր հայտարարության մեջ զրույցը որակել է որպես «ջերմ»։ Պետեր Մադյարը Բենիամին Նեթանյահուին հրավիրել է Բուդապեշտ՝ Հունգարիայի 1956 թվականի հեղափոխության 70-ամյակի հանդիսավոր միջոցառումներին։
Իսրայելի վարչապետն ընդունել է առաջարկը և իր հերթին Մադյարին հրավիրել Երուսաղեմ՝ միջկառավարական հանդիպման։
Տեղեկության համար նշենք, որ ավելի վաղ Պետեր Մադյարը հայտարարել էր, թե Հունգարիային կվերադարձնի Միջազգային քրեական դատարան։ Դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդեր է տվել Գազայում հնարավոր ռազմական հանցագործությունների պատճառով։ Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանը, ով շուտով պետք է լքի պաշտոնը, Միջազգային քրեական դատարանից դուրս գալու գործընթացը սկսել էր 2025 թվականի ապրիլին՝ հենց այն օրը, երբ Բուդապեշտում հյուրընկալել էր Նեթանյահուին։ Հունգարիան՝ որպես Հռոմի ստատուտի մասնակից երկիր, պարտավոր էր ձերբակալել Նեթանյահուին։