Պետդեպարտամենտում հայտարարում են, որ Մարկո Ռուբիոյի «գրաֆիկում տեխնիկական դժվարությունների» պատճառով Լոնդոնում բանակցություններին կմասնակցի Կիտ Քելոգը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը հաստատում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի Լոնդոնում Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցություններին։
Բրյուսը մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպումները կկայանան այնուամենայնիվ, և դրանց կմասնակցի Ուկրաինայի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, գեներալ Կիտ Քելոգը, որը արդեն Լոնդոնում է։
«Այս դեպքում, հանդիպումները Լոնդոնում տեղի կունենան, սակայն պետքարտուղար Ռուբիոն ներկա չի լինի։ Սա չի նշանակում, որ հանդիպումների հետ խնդիր կա, պարզապես նրա գրաֆիկում տեխնիկական խոչընդոտներ են եղել։ Գեներալ Քելոգն արդեն տեղում է և կղեկավարի քննարկումները։ Սպասում ենք նրա հաշվետվությանը՝ պարզելու, որքան հաջող կլինեն այս բանակցությունները», – նշել է Բրյուսը։
Բանակցությունները կայանալու են այսօր՝ ապրիլի 23-ին Լոնդոնում, որտեղ առաջնորդները քննարկելու են հրադադարի հնարավոր քայլերը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում։
«Financial Times»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հրաժարվել են մասնակցել այս հանդիպմանը։