Պետական էլեկտրահամակարգ – էլեկտրամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է և մոտ ապագայում կվերականգնվի ողջ երկրի տարածքում
Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տեղեկատվության համաձայն՝ Էնգուրհեսում անհրաժեշտ էր էլեկտրահամակարգի աշխատանքը մեկուսացված ռեժիմում, ինչը երկրի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է առաջացրել։
Նրանց պարզաբանմամբ՝ այս փուլում էլեկտրամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է, իսկ ողջ երկրի տարածքում կվերականգնվի մոտ ապագայում։
«Հուլիսի 24-25-ին երկրում տեղի ունեցած համակարգային վթարներից հետո Էնգուրհեսում ընթանում էին որոշակի աշխատանքներ։ Մասնավորապես, կայանի համապատասխան սարքավորումների ուսումնասիրության նպատակով անհրաժեշտ էր էլեկտրահամակարգի աշխատանքը մեկուսացված ռեժիմում՝ անվանականից տարբերվող հաճախականությունների վրա, ինչը երկրի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատում է առաջացրել։
Էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով անմիջապես իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում այս փուլում էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն արդեն վերականգնված է։ Մոտ ապագայում էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի ողջ երկրի տարածքում», – նշված է տեղեկատվության մեջ։
Թբիլիսիում և տարածաշրջանների մեծ մասում էլեկտրաէներգիան անջատվել է մոտավորապես ժամը 20:15-ին։