Պետական անվտանգության ծառայությունը Թբիլիսիում խարդախության և կեղծ պաշտոնական փաստաթղթի օգտագործման փաստով մեկ անձի է ձերբակալել

16:55, 24.07.2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները Թբիլիսի քաղաքում խոշոր չափերով խարդախության և կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու փաստով մեկ անձի են ձերբակալել։

ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փորձում էր խարդախությամբ օտարել մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ուրիշին պատկանող խոշոր չափերի անշարժ գույք, մասնավորապես՝ Ծղնեթիում գտնվող ավելի քան 18 000 քառակուսի метр մակերեսով հողամաս։

«Մեղադրյալը նշված գույքի օտարումը, օտարերկրյա պետությունում պատրաստված կեղծ լիազորագրի օգտագործմամբ, փորձում էր իրականացնել ընթացիկ տարվա հուլիսի 24-ին Վրաստանի արդարադատության նախարարության Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում։ Հողամասի ձեռքբերման ցանկություն ունեցողի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշին պատկանող անշարժ գույքը նա օտարում էր իրական արժեքից շատ ավելի ցածր գնով՝ 1 200 000 ԱՄՆ դոլարով, որի ընթացքում էլ նրան ձերբակալել են Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները»,— ասված է ՊԱԾ-ի տարածած տեղեկատվության մեջ։

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով և 362-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ վեցից մինչև ինը տարի ժամկետով։

Նմանատիպ