Պետական անվտանգության ծառայություն. Վրաստանի պետական շահերին ի վնաս արտերկրից ղեկավարվող և Վրաստանից աջակցվող սկանդալային/վարկաբեկիչ արշավի հետ կապված սաբոտաժի հոդվածով հետաքննություն է սկսվել
Պետական անվտանգության ծառայության պետական անվտանգության դեպարտամենտը Վրաստանի պետական շահերին ի վնաս արտերկրից ղեկավարվող և Վրաստանից աջակցվող վարկաբեկիչ տեղեկատվական արշավի հետ կապված սաբոտաժի հոդվածով հետաքննություն է սկսել։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ գործը վերաբերում է տարբեր սոցիալական հարթակներում արտերկրում գրանցված և ղեկավարվող կեղծ, այսպես կոչված բոտ-հաշիվների միջոցով Վրաստանի շահերի դեմ վարկաբեկիչ բովանդակություն պարունակող տեղեկատվության նպատակաուղղված տարածմանը, ինչը ծառայում է Վրաստանի տնտեսական շահերին վնաս հասցնելուն։
«Արշավի նպատակն է ապատեղեկատվության տարածմամբ ստեղծել կեղծ ընկալում առ այն, որ Վրաստանում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների համար անցանկալի միջավայր է ստեղծված։ Այս փուլում հայտնի է, որ X սոցիալական հարթակում գրանցված մի քանի կեղծ հաշիվներում տարբեր հարցերի վերաբերյալ տեղադրվում էր ապատեղեկատվություն։ Մասնավորապես, խոսքը գնում էր այն մասին, թե իբր Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկներին մենակ էին թողնում անտառում կամ նրանց պատվիրած ապրանքներն ու սնունդը վրացական ռեստորաններում նպատակաուղղված, միտումնավոր աղտոտում էին և այլն։ Նման բովանդակությամբ կեղծ տեղեկատվությունը ավելի ուշ, ժամանակի որոշակի ինտերվալով, կոորդինացված կերպով տարածվում էր արտերկրում գրանցված օնլայն լրատվամիջոցներից մեկի կողմից, որն ունի բազմամիլիոնանոց լսարան։
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով, ինչը ենթադրում է Վրաստանի պետական շահերին սպառնալիք ստեղծելու նպատակով պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտների բնականոն գործունեության խոչընդոտում կամ դրանց վնասում/ոչնչացում։ Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 4 տարի ժամկետով։ Հետաքննության շրջանակներում ընթանում են օրենքով նախատեսված օպերատիվ և որոնողական միջոցառումներ՝ ապատեղեկատվական արշավի կազմակերպիչներին, մասնակիցներին, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեղեկատվության տարածման մեխանիզմներն ու դրա նպատակները պարզելու համար։ Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է աշխատանքը նման ապատեղեկատվական արշավների ժամանակին հայտնաբերման և դրանցից բխող սպառնալիքների կանխարգելման նպատակով. արտաքին թե ներքին ուժերի կողմից ղեկավարվող ցանկացած գործողություն, որի նպատակն է Վրաստանի ազգային շահերի ոտնահարումը, պետական ինստիտուտների ապակայունացումը, սահմանադրական կարգի խախտումը կամ ազգային անվտանգությանը վնաս հասցնելը, կարժանանա համապատասխան իրավական արձագանքի», – նշված է տարածված տեղեկատվության մեջ։